Ռուսաստանյան ընկերություններին ՀՀ Սահմանադրությունից վեր արտոնություններ են տրվում, նրանք մենաշնորհային դիրք են ստանում հայաստանյան շուկայում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Որպես ապացույց թերթը մեջբերում է երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանի հայտարարությունը, ով ասել է, թե մինչև 2014 թ. հոկտեմբեր Հայաստանը կքննարկի և կհաստատի 2015թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Մաքսային այդ արտոնությունը վերաբերելու է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ներկրելու է և՛ բենզին, և՛ դիզվառելիք, և՛ նավթային հանքանյութ: Իսայանը նաև ասել է, թե այլ ընկերությունների ոչ ոք չի արգելել նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել, բայց նրանցից արդեն մաքսատուրք կգանձվի:
«Նման հայտարարությունները, թերևս, այսուհետ պետք է ոչ թե արտասովոր համարել, այլ՝ Հայաստանի գաղութացման գործընթացի տրամաբանական շարունակություն», – գրում է թերթը։