հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Բանդայի գործով» մեղադրյալը դիմել է ՄԻԵԴ․ ՀՀ-ում արդար դատի ակնկալիք չունի

«Բանդայի գործով» մեղադրյալը դիմել է ՄԻԵԴ․ ՀՀ-ում արդար դատի ակնկալիք չունի

2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված, «բանդայի գործով» որպես մեղադրյալ անցնող Դավիթ Գալստյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների մասով բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է վերջինիս փաստաբան Ստեփան Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ Գալստյանը հուլիսի 23-ին կայացած դատական նիստի ժամանակ ինքնավնասման էր դիմել՝ կտրելով դաստակը։

«Բռնությունների մասով այստեղ սպառել ենք բոլոր ատյանները, որևէ կերպ չկարողացանք հասնել նրան, որ քրեական գործեր հարուցվեն բռնարարքները կատարած անձանց նկատմամբ, կոնկրետ նշվել էր՝ ում մասին է խոսքը, բայց որևէ քայլ չձեռնարկվեց։ Դրա հետևանքով եղավ նաև ամբաստանյալներից մեկից մահը, որը իր մեջ նույնպես բռնություն էր պարունակում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեն բոլոր ամբաստալյաները՝ կրել են և առողջական, և բարոյական և ֆիզիկական վնասներ», – ասել է պաշտպանը։

Նրա խոսքով՝ վերջին ինքնավնասման դեպքը իր մեջ բողոք էր պարունակում, ինչպես նաև ապացուցում այն, որ արդար դատաքնություն անցկացնելու ակնկալիք լինել չի կարող։

«Մենք մտադրություն ունեինք Դավիթի նկատմամբ իրականացված բռնությունների, խոշտանգումների փաստով հենց սկզբից դիմել ՄԻԵԴ, սակայն պետք է սպառեինք բոլոր ատյանները», – եզրափակել է Ոսկանյանը։

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում փաստաբանն ասել էր, որ իր պաշտպանյալը դատարանում ինքնավնասվել է, որովհետև, լսելով դատախազի ընթերցած նախաքննական ցուցմունքը, որն ինքը չի տվել, վերապրել է այն բոլոր խոշտանգումները, որոնք կիրառվել են իր նկատմամբ։

Գալստյանը նիստերից մեկի ժամանակ իր նկատմամբ իրականացրած խոշտանգումներին վերաբերող հայտարարություն էր ընթերցել։