«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ում մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, մոտ մեկ ամիս առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունք: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ ինքը գործով վերջին նիստի ժամանակ միջնորդել էր, որ Ամոյանին տեղափոխեն քաղաքացիական հոգեբուժական հիվանդանոց:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ամոյանի գործով նիստը հերթական անգամ հետաձգվել է, քանի որ նա ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան: Բացակայում էր նաև մեղադրող դատախազը: Մինչև նիստի հետաձգումն Ամոյանի փաստաբանը դիմել է դատարանին՝ խնդրելով իր միջնորդությունը թողնել առանց քննության՝ հաշվի առնելով այն, որ մեղադրյալը «Դապատարտյալների հիվանդանոցում» արդեն իսկ հոգեբուժական օգնություն է ստանում:
Փաստաբանը նշել է, որ, ըստ փորձագետների, Ամոյանին անհնարժեշտ է առնվազն վեց ամսվա ընթացքում հոգեբուժական օգնություն ստանալ:
Հիշեցնենք, որ Ամոյանի ձերբակալությունից հետո՝ 2011 թվականին, երիտասարդի մայրը բազմիցս ակցիաներ է անցկացրել նախագահական նստավայրի մոտ՝ բողոքելով որդու նկատմամբ հարուցված գործի, նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների, նրան տեսակցելու իրավունքը չհարգելու, բժշկական օգնություն ցույց չտալու դեմ։
Նա երկար ժամանակ պահանջում էր որդուն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել՝ պատրաստակամություն հայտնելով վճարել հիվանդանոցային ողջ ծախսերը։ Ամոյանի մոր խնդրանքը երկար ժամանակ չի կատարվել, և երիտասարդի վիճակն էլ ավելի է վատացել։
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: Փաստաբանները պնդում են նաև, որ գործի քննությունն իրականացվում է բազմաթիվ խախտումներով։
Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: