Եվրասիական տնտեսական միությունը մեռելածին ծրագիր է, այն իրականություն չի դառնա։ Այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ասել է «Նախախորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա հունվարի 1-ից։
«Ռեժիմի որևէ ներկայացուցչի, այդ թվում՝ նշված պարոնի խոսքը արժեք չունի: Նրանք բազմիցս դա ապացուցել են: Նրանց պարագլուխը հարկ չի համարում իր օտար տերերից ստացած հրահանգների մասին իրազեկել իր բանդային, առավել ևս՝ քննարկել դրանք: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցության հարցը ձգձգվում է, ինչն ինքնին պետք է համարել դրական հանգամանք: Սակայն այդ ձգձգումների պատճառը, ցավոք, Հայաստանի ինքնիշխան դիրքորոշումը չէ, քանի որ Ռուսաստանի համար այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չունի», – ասել է Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ ձգձգման գլխավոր պատճառն Ադրբեջանի գործոնն է:
«Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանին համոզել կամ պարտադրել միանալու ԵՏՄ-ին և ամենայն հավանականությամբ՝ ռուսական կողմը որոշել է, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ պետք է լինի Ադրբեջանի հետ միասին: Եթե անգամ Ադրբեջանը պաշտոնապես չհայտարարի ԵՏՄ-ին միանալու մասին, ապա գոնե նրա ղեկավարությունից բանավոր խոստում ստանալուց հետո միայն Հայաստանը պետք է մուտք գործի այդ միություն: Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից ԵՏՄ-ին միանալու գործընթացի հետաձգումները շարունակվելու են և մի օր էլ լսելու ենք, որ այդ ծրագիրը հօդս է ցնդել», – նշել է «Նախախորհրդարանի» ներկայացուցիչը:։
Նա հավելել է, որ, միևնույն ժամանակ, պետք է զգույշ և զգոն լինել, քանի որ չնայած ԵՏՄ ծրագիրը մեռելածին է, Ռուսաստանն, այնուամենայնիվ, Հայաստանին ներքաշում է դրա գործընթացում տեղի ունեցող ռուս-թուրքական հերթական սիրախաղի մեջ, որպեսզի կարողանա առևտուր անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Սեֆիլյանը չի բացառել, որ այդ նպատակով Ռուսաստանը ձգտի ապակայունացնել տարածաշրջանը և զորք մտցնի Արցախ։
Զրույցն ամբողջությամբ՝ Hetq.am-ում