Ծագումով հայ Արթուր Միրզոյանը օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը որսորդական հրացանից կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի ուղղությամբ։ 43-ամյա տղամարդու թիրախը եղել է Թուրքիայի հանրապետության զինանշանը։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Կայքի փոխանցմամբ՝ «Դոբրի լես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Միրզոյանը զինանշանի ուղղությամբ կրակել է երկու անգամ․ երկու կրակոցն էլ դիպել է թիրախին։
Միրզոյանին չի հաջողվել թաքնվել դեպքի վայրից։ Կրակոցներին անմիջապես արձագանքել են տեղանքը վերահսկող ոստիկաններն ու բերման ենթարկել տղամարդուն։
Արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Ոստիկանների խոսքով, սակայն, կան հիմքեր ենթադրելու, որ պատճառը հայերի ու թուրքերի դարավոր թշնամանքն է, որն էլ ավելի է սրվել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի պատճառով: