2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Համալիրը գնահատել են՝ Աջափնյակի շենքում քառակուսի մետրի արժեքը հիմք ընդունելով․ «ՀԺ»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) աճուրդի հետ կապված սենսացիոն մանրամասներ են ի հայտ եկել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը թերթի թղթակցին ասել է, թե իրենք ԴԱՀԿ-ից ստացել են գրավոր պարզաբանում, որ ՄՀՀ-ն գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը որպես հիմք ընդունելով:

Այս մեթոդով ՄՀՀ-ի գին է որոշվել 28 միլիարդ դրամ։ Քանի որ մի քանի անգամ տեղի ունեցած աճուրդներում գնորդներ ի հայտ չեն եկել, գինը նվազել է՝ հասնելով 10 միլիարդ 283 միլիոն դրամի: Երբ այդ դեպքում էլ գնորդ չի հայտնվել՝ շենքը հանձնվել է Պաշտպանության նախարարությանը։

«ՀԺ»-ն անհասկանալի է համարում, թե ինչու է Մարզահամերգայինը գնահատվել Աջափնյակ վարչական շրջանի շենքերի սակագնով, քանի որ ՄՀՀ-ն գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում:

«Էլ չենք ասում, որ ՄՀՀ-ն բազմաբնակարան շենք չէ, այլ երկրի թիվ 1 մարզահամերգային կառույցը, ճարտարապետական գլուխգործոցը», - գրում է թերթը։

Արմինե Հակոբյանը թերթի հետ զրույցում նաև նշել է, որ գնահատումը կատարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի «Բեսթ Ռիելթի» ընկերությունը, իսկ Ստեփանյանը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մոտ ընկերն է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ http://hy.wikipedia.org