Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել խստորեն արձագանքել եզդի փախստականների տեղավորմանը Լեռնային Ղարաբաղում։ Trend.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։
«Նման փորձերն ու գործողությունները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին ու հակասում են Ժնևյան չորրորդ կոնվենցիային»,- ասել է Աբդուլաևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին «եզդիներին Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում ապօրինաբար տեղավորելու Հայաստանի փորձերի» մասին։
Նշենք՝ ավելի վաղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ընդունել եզդի փախստականներին Իրաքից։
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի եզդիական համայնքը բազմիցս բարձրաձայնել է Իրաքում տիրող իրավիճակի մասին, որտեղ իսլամիստ ծայրահեղականները զանգվածաբար որչնչացնում են եզդի ազգաբնակչությանը։ Այս գործողությունները եզդիական համայնքը որակում է որպես ցեղասպանություն։