Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրած վճռով պարտավորեցրել է քննիչին քաղաքացի Հայկ Կյուրեղյանին տեսակցելու արգելքը հանել։ Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանը։
Դատարանը նաև ընդունել է, որ քննիչի կողմից փորձաքննությունների եզրակացությունների պատճենները պաշտպանական կողմին չտրամադրելը ամբաստանյալի իրավունքների խախտում է։
Դատարանը պարտավորեցրել է վերականգնել Կյուրեղյանի՝ պաշտպանվելու այդ իրավունքը ևս։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:
Ձերբակալվելուց հետո Կյուրեղյանը ոստիկանությունում, ինչպես նաև բաժին տեղափոխվելու ճանապարհին խոշտանգումների էր ենթարկվել։
Այդ փաստի առթիվ քրեական գործը արդեն վարույթ է ընդունվել։