Երեկ վաղ առավոտից կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել «Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցները՝ պահանջելով, որ գործարանի ղեկավարությունը վճարի իրենց աշխատավարձը: Հակառակ դեպքում ցուցարարները սպառնում էին, որ սեպտեմբերի 1-ից գործադուլ կսկսեն, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք հիմա որոշել ենք ամսի 1-ից աշխատանքի չգալ, որովհետև մեզ չեն վճարում, խոստումները չեն կատարում: Մենք այլևս չենք կարողանում ընտանիք պահել», – «Ազատությանն» ասել է բողոքավորներից մեկը:
«Քիմպրոմի» աշխատակիցներից մեկն էլ նշել է, որ իրենց պահանջը միայն դա է՝ մարեն ամբողջ աշխատավարձը։
«Հակառակ դեպքում կգնանք ամեն տեսակ քայլերի: Սոված մարդը ամեն քայլ էլ ընդունակ է: Իսկ եթե 70 օրը մեկ մի հատ աշխատավարձ տան, ո՞ւմ չի պարզ, որ ոչ մեկը չի բավարարվի դրանով», – ասել է նա:
Գործարանի աշխատողները պարբերաբար ցույցեր են անում ու նույն պարբերականությամբ էլ խոստումներ են ստանում, թե շուտով աշխատավարձ կլինի: Երկրի նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը դեռևս հուլիսին խոստացել էր, որ մինչև օգոստոսի 10-ը բանվորները կստանան մեկ ամսվա աշխատավարձը, սակայն առայսօր քիմպրոմցիները աշխատավարձ չեն ստացել:
Ցուցարարները երեկ այդպես էլ չեն արժանացել գործարանի տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի ընդունելությանը: Իսկ տնօրենի խորհրդատու Արթուր Ստեփանյանի հետ հանդիպմանը նրանք պահանջեցին ներկայացնել աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց:
Պահանջները լսելուց հետո Ստեփանյանն ասաց, թե ինքը իրավասու չէ բավարարել նրանց պահանջները:
«Վարչապետի մոտ հարց ենք բարձրացրել, մարզպետի մոտ հարց ենք բարձրացրել, ու մեր կոչեցյալ պայքարը ընդհանրապես ոնց որ գլխով պատին խփես», – վրդովված ասել է ցուցարարներից մեկը:
Արթուր Ստեփանյանը, մինչդեռ, զարմացել է, երբ լսել է, որ աշխատողներից շատերը 11 ամսվա աշխատավարձ չեն ստացել: Կրկնեց, որ ինքը ոչինչ չի կարող անել՝ հավաքվածներին խորհուրդ տալով հանդիպել տնօրենի հետ: