Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը չի կարելի ողջունել։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Հաշվի առնելով հանդերձ մեր տարածաշրջանում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնք նոր իրավիճակներ են ստեղծում, ինչը չի կարելի անտեսել, այդուհանդերձ նախարար Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը չի կարելի ողջունել՝ ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրտողանի կատարած հակահայ հայտարարության պատճառով, այլ հատկապես եթե այդ մասնակցությունը նպատակ է հետապնդում վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները», – Մանոյանի խոսքերն է փոխանցում ՀՅԴ-ի տարածած հաղորդագրությունը։
Մանոյանը նշել է, որ Էրդողանը և՛ որպես մարդու, և՛ որպես Թուրքիայի վարչապետի, և՛ որպես Թուրքիայի նախագահի թեկնածուի՝ թեկուզ ակամայից՝ ցույց է տվել Հայաստանի և հայության նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները, ինչը ոչ մի ձևով արժանի չի դարձնում նրա երդմնակալությանը՝ Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը։
«Դաշնակցությունը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ վերցնի այդ արձանագրություններից. փոխարենը՝ մեր իշխանությունները փորձում են վերակենդանացնել նրանք, հակառակ Թուրքիայի թշնամական պահվածքին», – ասել է Մանոյանը։