Ոչ իշխանական քառյակի հանրահավաքը կանցկացվի հոկտեմբերի սկզբին, սակայն օրը դեռևս որոշված չէ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով երեկ մասնակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը։
«Տարբեր կուսակցություններ տարբեր օր են նշել, և մենք երևի թե վաղը-մյուս օրը կհստակեցնենք դրանք», – ասել է Մարգարյանը՝ նշելով, թե ԲՀԿ-ն «միանշանակ» մասնակցելու է հանրահավաքին:
Պատասխանելով առաջիկա հանրահավաքում հնչեցվելիք պահանջների մասին հարցին` պատգամավորն ասել է, որ հանրահավաքի ընթացքում հիմնականում ամփոփելու են 12 կետերը․ «Լրացուցիչ այլ հարցեր. դա կհամաձայնեցնենք: Չի բացառվում նաև խոսենք սահմանադրական փոփոխությունների մասին: Այստեղ մի քիչ նրբություն կա, որովհետև վերջնական որոշում Դաշնակցությունը չունի, ինքը պայմաններ է առաջարկել իշխանություններին` սահմանադրական փոփոխությունների մեջ ընդգրկելու իրենց տեսակետը, և դրանից է կախված իրենք կմիանա՞ն մեզ, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների շուրջ մեր տեսակետին»:
Հարցին, թե հնարավոր է, որ հանրահավաքում հնչեն իշխանափոխության կոչեր, քանի որ քառյակի պահանջները կատարված չեն, Մարգարյանը պատասխանել է․ «Մենք ամփոփում ենք այն, ինչ ասել ենք: Մենք տեր ենք կետերին, ինչը հայտարարել ենք, ինչը կարևորել ենք: Դրանք ամփոփելուց հետո ինչպիսի՞ որոշում կկայացնենք, ես ճիշտ չեմ համարում հիմա ասել: Բայց կարծում եմ, որ միասնական որոշման մենք կգանք»: