Սեպտեմբերի 14-ին ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանը և Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը, հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ինչպես նշում է ՀՔԾ֊ն, ձերբակալությունը կապված է եղել ապրիլի 1-ին «Իջևանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ։ Համաձայն նախաքննության վարկածի, Անդրանիկ Ազիզբեկյանն ու Արտակ Ավետիսյանը մտերիմ հարաբերությունների մեջ են եղել «Իջևանատուն» ռեստորանա֊հյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատան» բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ոստիկանները ժամանել են համալիր: Ըստ պաշտոնական վարկածի՝ Աշոտ Ա.-ի ուղղությամբ մարտական փափուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգից կրակել է Խոջումյանը, սակայն բարձրաստիճան ոստիկանները որոշել են թաքցնել դեպքը, ապա` դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչև դեպքի հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:
«Նրանք հրահանգավորել են Անդրանիկ Խոջումյանին դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել և ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո», ֊ ասված է ՀՔԾ֊ի հաղորդագրության մեջ: