Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ միջադեպի գործով արդեն չորրորդ դատական նիստին անընդմեջ չի ներկայանում Խաչատրյանի որդին՝ գործով վկա Տիգրան Խաչատրյանը: Այս մասին այսօր Epress.am-ին հաղորդել է գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը (լուսանկարում): Նրա խոսքով՝ դեռ նախորդ նիստին դատարանը վկային դատարան բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել: Որոշումը, սակայն, ոստիկանների կողմից չի իրագործվել, ինչի վրա Ալումյանն այսօրվա նիստին հրավիրել է դատարանի ուշադրությունը՝ միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Այսօրվա նիստին չի ներկայացել նաև տուժող Նիկոլայ Աբրահամյանը: Ալումյանի խոսքով՝ նա Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից է, սակայն գործի նյութերում նշվում է որպես Խաչատրյանի «մերձավոր»: Ըստ բացատրության՝ վերջինս բուժվում է Գորիսի բժշկական կենտրոնում:
Սուրիկ Խաչատրյանի կին Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը դատարանում հայտարարություն է արել՝ կապված սպանված Արտակ Բուդաղյանի հորը ՝ Էմիլ Բուդաղյանին որպես տուժող ներգրավելու հետ: Ըստ պաշտպանի՝ անհեթեթություն է, որ որպես տուժող է ներգրավվել մի մարդ, ով դեպքի օրն այդ վայրում չի եղել:
Այս դիտարկմանը պատասխանելով՝ Հայկ Ալումյանն ասել է, որ նախաքննության անհեթեթությունն այն է, որ որպես մեղադրվող ներգրավված մարդիկ ազատվել են, իսկ մարդիկ, ովքեր տուժող պետք է լինեին, այժմ մեղադրյալ են:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, գործով անցնում էր որպես մեղադրյալ։ Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Հետագայում, սակայն, նրան ազատ են արձակել:
Իսկ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը: