Ադրբեջանն այսօր Հայաստանին է վերադարձրել Ղազախի շրջանում օգոստոսի 26-ին գերեվարված Սարգիս Անանյանին: Այս մասին Epress.am֊ին ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին։
Փոխանցումը տեղի է ունեցել Իջևանի հետ սահմանակից Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները Հայաստանի քաղաքացու՝ սահմանն անցնելու մասին գրել էին օգոստոսի 26-ին, սակայն ՀՀ ոստիկանությունն այն ժամանակ նշել էր, որ կորած անձի մասին հաղորդում չի ստացել։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին Անանյանի նկարը, սակայն ՀՀ ոստիկանությունը դարձյալ նշել էր, որ Նոյեմբերյանի բնակչի կորելու մասին հաղորդում չի ստացել։
«Երբ Անանյանի նկարը հրապարակեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, ոստիկանությունը սկսեց քննություն տանել, երբ նրա քույրը ներկայացրեց բողոք, արդեն սկսվեց գործով նյութերի նախապատրաստումը»,- Epress.am֊ին ասել էր Ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։