Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու հարցը: Փաշինյանը հարցրել է՝ արդյո՞ք այդ նշանակումով Կառավարությունը արտոնություն է տալիս Խաչատրյանին Սյունիքում «նոր լկտիություններ ու սպանություններ» անել։ Պատգամավորը հիշեցրել է, որ ինքը նախկինում ԱԺ ամբիոնից ներկայացրել է փաստեր, որոնք վկայում են, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Խաչատրյանն ինքն է սպանել Ավետիք Բուդաղյանին:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ հարցը ԱԺ օրակարգի հետ կապ չունի: Սահակյանի խոսքով՝ նման հարցեր կարող են քննարկվել, երբ ԱԺ-ն դատական, քննչական գործողություններ անելու իրավասություններ ունենա:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ նախաքննական մարմինը ապացուցված է համարել, որ Սուրիկ խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը հասցրել են չորս հրազենային վնասվածքներ, թեև չի նույնականացրել՝ որ մեկը ով է կոնկրետ հասցրել և որ դիրքից:
«Սա կարևոր է, որովհետև պատշաճ նույնականացումը կապացուցեր, որ մահացու վնասվածը Բուդաղյանը ստացել է վերևից ներքև, որը չէր կարող հասցնել ոչ Զարզանդը, ոչ Տիգրանը, քանի որ նրանք գտնվում էին Բուդաղյանի հետ նույն հարթության մեջ», – ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ պատգամավորի՝ պատահական չէ, որ դեպքերի մասին տեսանյութի անձայն տարբերակն է տարածվել:
«Ձայնով զննությունը ակնհայտ կդարձնի, որ ինչ-որ մեկը ձայն է տալիս Ավետիք Բուդաղյանին՝ գոռալով «Ավետ»: Էդ կանչը լսելով է Բուդաղյանը հետ դառնում: Նախաքննական մարմինը չի պարզել, ով է այդ կանչողը:
[Դատախազ] Կոստանյանը իմ հարցին ի պատասխան ասում է՝ էական չէ, ով է կանչողը: Ես պնդում եմ, որ էական է, քանի որ եթե պարզվի, որ այդ կանչողը Սուրիկ Խաչատյանն է, պարզ կդառնա, որ Կոստանյանի վարկածը Խաչատրյանի քնած լինելու մասին գլխովին կջախջախվի», – հայտարարել էր Փաշինյանը: