Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը սկսել է խոսել հայ-թուրքական արձանագրությունների մասին, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատել է Փոստանջյանի խոսափողը:
«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել «գրողի ծոցը»: Ես կարծում եմ, որ Հայաստանի ԱԺ-ն այդ վայրը չէ՝ գրողի ծոց չէ: Չնայած այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները: Այստեղ են..»,- մինչ խոսափողի անջատվելը հասցրել է ասել Փոստանջյանը:
Շարմազանովը բացատրել է, որ Փոստանջյանի խոսափողը անջատում է, քանի որ հարցը չի վերաբերում օրակարգին:
«Եթե տիկին Փոստանջյանը խոստանա, որ կխոսի օրակարգից, նրա միկրոֆոնը կմիացնենք», – ասել է Շարմազանովը՝ հորդորելով Փոստանջյանին կոռեկտ բառապաշար օգտագործել:
Փոստանջյանը հասցրել է նաև ասել, որ «գրողի ծոցը» արտահայտության հեղինակային իրավունքները պատկանում են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Փոստանջյանը բազմիցս առաջարկել է ԱԺ֊ի մեծ օրակարգից հանել հայ֊թուրքական արձանագրությունների վավերացման հարցը։