Ընտանեկան բռնության ենթարկվածների թիվն այս տարի երեք անգամ աճել է, և սա՝ համաձայն ոստիկանության տվյալների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը: Եթե ամբողջ 2013 թվականին պաշտոնապես գրանցվել է ընտանեկան բռնության 580 դեպք, որից 7-ը` մահվան ելքով, ապա այս տարի՝ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, արձանագրվել է 1501 բռնության դեպք՝ 9-ը՝ մահվան ելքով:
Կաժոյանը նկատել է, որ այս թվերը դեռ չեն նկարագրում ողջ պատկերը, քանի որ ոչ բոլոր ֆիզիկական բռնության ենթարկված կանայք են դիմում ոստիկանություն, ինչպես նաև բռնությունը ոչ միայն ֆիզիկական է լինում, այլև հոգեբանական, տնտեսական, սեռական:
Բանախոսը նկատել է, որ այդպիսի ճնշումների հարցերով ոստիկանությունն առհասարկ չի զբաղվում: Նա նշել է, որ կանայք ոստիկանություն դիմելուց խուսափում են, քանի որ վստահություն չունեն Ոստիկանության հանդեպ:
Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հոկտեմբերի 1-ը նշում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ 2010 թվականին այդ օրն ընտանեկան բռնության հետևանքով մահացել է Զարուհի Պետրոսյանը, և մի շարք իրավապաշտպանական կազմակերպություններ միավորվել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մեջ՝ մշակելու ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, որը դեռ չի ընդունվել: