Ամուսինը 6-ամյա երեխայի աչքի առաջ սպանել է կնոջը։ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խումբն ընտանեկան բռնության հերթական դեպքն է ներակայացրել։
Գյումրիի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գրիգորյանը փետրվարի 26-ին դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը՝ 28-ամյա Լիանա Մանուկյանին։
«Գոքորը, որ դաժե մի բաժակ խմում էր, ոնց որ 10 շիշ խմած լիներ, էնքան էր խմում, որ մոտն արդեն «գարյաչկա էր» լինում: Մի բաժակ պիվայից անջատվում էր», – սպանված Լիանա Մանուկյանի եղբայրը Արագ Արձագանքման խմբի լրագրող Նելլի Բաբայանի հետ զրույցում այսպես է նկարագրել փեսային, որը դաժանաբար սպանել է քրոջը:
Լիանայի եղբայրը` Ժորան, պատմել է նաև, որ քույրը ամուսնության 9 տարիների ընթացքում օր ու արև չի տեսել, Գրիգոր Գրիգորյանը միշտ ոգելից խմիչք է օգտագործել, հարբել ու ծեծել է կնոջը.
«Մի անգամ էլ նենց էր շշով խփել Լիանային, որ քիթն ու ատամները ջարդել էր: Քույրս ինչ ամուսնացել է, էդ տարիները տառապանքներով է ապրել, միշտ էլ վեճեր են եղել ու մեզ ոչ մի մի բան չէր ասում. վախում էր` Գոքորը շանտաժ էր արել, ասել էր` եթե ձերոնց պատմես, կամ թողնես, գնաս, ախպորդ կսպանեմ, մեկ ա, ես կորցնելու բան չունեմ»:
Լիանայի հարևանների խոսքով՝ կինը երբեք չի բողոքել։
«Մի օր լսած չկանք, որ էդ աղջիկը ձենը բարձրացներ, կամ բողոքեր, խելոք, սուսիկ-փուսիկ իր խաչը տանում էր», – պատմում են Լիանայի հարեւաններն ու բարեկամները: Մոր տանջանքներին, սակայն ականատես է եղել 6-ամյա որդին` Արամը, որը ամեն անգամ, երբ հարբած հայրը մոր վրա ձեռք էր բարձրացնում, հորն ասում էր` «պապա, ե՞րբ ես գնալու Երեւան, որ ես ու մաման հանգիստ ապրենք»:
Լիանայի եղբոր պատմելով` 6-ամյա Արամը հիմա տեղը չի գտնում, տեսել է, թե ինչպես է հարազատ հայրը սպանում հարազատ մորը. «Էրեխեն ասում ա` ես սաղ տեսա, տեսա պապաս մամայիս դանակով խփեց սպանեց, հա խփում էր մամային, հա խփում էր»:
Գրիգոր Գրիգորյանը 16-17 անգամ դանակով հարվածել է կնոջ պարանոցին ու կրծքավանդակին. հարվածելուց դանակը կոտրվել է, նոր դանակ է վերցրել ու շարունակել հարվածել`մինչև կինն անգիտակից վիճակում է հայտնվել: Դեպքին ականատես է եղել Լիանայի բարեկամուհիներից մեկը, որն էլ զանգահարել է սպանվածի եղբորն ու տեղեկացրել դեպքի մասին: Քույրը մահացել է եղբոր ձեռքերում, մինչև հասել է քրոջ տուն, քույրն արդեն անգիտակից է եղել: Ժորան պատմում է, որ իր մեքենայով քրոջը տարել է հիվանդանոց:
Լիանայի եղբայրը պատմել է, վերջերս երբ իմացել են, որ փեսան քրոջը միշտ ծեծում էր, քրոջը բերել են իրենց մոտ, հետո տուն են գնել նրա համար. Լիանան որոշել էր ամուսնալուծվել, բայց ընդամենը 6 ամիս ապրեց մի քիչ հանգիստ ու առանց ամուսնու. «Գոքորը գնաց-եկավ, երդվեց, որ էլ չի խմի, էլ ձեռ չի բարձրացնի, մեր սաղ բարեկամների տներով ման եկավ, սաղին համոզում էր, որ կփոխվի, ինչ ա թե Լիանան միանա, միացան, բայց էլի շարունակում էր ծեծել: Էնքան էր ծեծել քրոջս, երևի գլխին էնքան էր խփել, որ քույրս աչքերը անընդահատ թարթում էր, Գոքորն էլ քրոջս տնազն էր անում, փոխանակ ամաչեր, որ իրա ձեռի գործն ա դա»:
Չնայած Գոքորը խոսք էր տվել, որ այլևս ոգելից խմիչք չի օգտագործի, Լիանայի հարազատները պատմում են, որ մի շիշ էժանագին օղու համար իր երեխայի ծնունդի ոսկյա մատանին է փոխանակել. «Էդ խանութի աշխատողն ասել է` էս մի պուճուր ոսկին պահելու եմ էնքան, մինչև տղեդ մեծանա, տամ իրան ու ասեմ`տես, թե հերդ ինչ հարբեցողն էր»:
Կնոջը սպանելուց հետո Գրիգոր Գրիգորյանը հանձնվել է ոստիկանություն, պատմել է, թե «խանդն է եղել պատճառը, «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում Լիանան գրանցված է եղել, խանդից սպանել եմ»:
Լիանայի եղբայրն էլ պատմում է, որ դա ընդամենը հարբեցող մարդու համար պատրվակ էր. «Գոքորն էլ կար էդ «Օդնոկլասնիկում», քույրս էլ էրեխու անունով էր գրանցված, ու մենակ խաղ էր խաղում: Ի՞նչ խանդ, ի՞նչ բան, խեղճ քույրս խանդի առիթ էլ կյանքում չէր տվել: Լուրերով Գոքորն իրան արդարացնելու համար եսիմ ինչեր է ասում, զոքանչն է մեղավոր, բա չի ասում՝ զոքանչը տուն է առել: Էդ տան մեջ էլ սպանեց քրոջս, էդ հագի շորերն էլ զոքանչի առածն են: Քրոջս կյանքը խլեց, ու մի հատ էլ ուզում է արդարանալ»։
Նելլի Բաբայանը փորձել է կապ հաստատել նաև Գրիգոր Գրիգորյանի հարազատների հետ, սակայն նրա մայրն ու եղբայրը արտերկրում են, իսկ հայրը՝ Ռուսաստանում 30 տարվա ազատազրման է դատապարտված:
Թեև Լիանայի հարազատները պնդում են, որ Գրիգորյանը կնոջը սպանելու ժամանակ խմած է եղել, սակայն Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Սամվել Սիմոնյանը վստահեցրել է․ «Այդ պահին խմած չի եղել. կարող է ինքը հարբեցող է, բայց այդ պահին սթափ է եղել»:
Ինչ վերաբերում է «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում գրանցվելուն ու Գրիգորյանի խանդը որպես դրդապատճառ ներկայացնելուն, Սիմոնյանն ասել է. «Դա ստուգման ենթակա հանգամանք է, որը դեռ չենք ստուգել»:
Գրիգորյանին սպառնում է 6-ից 10 տարվա ազատազրկում:
Լուսանկարում՝ Լիանա Մանուկյանի տունը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը