«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը վաղը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը: Նրա խոսքով՝ լրագրողների հետ հանդիպման դիմումը ՔԿՀ-ի պետի կողմից ընդունվել է ի գիտություն, և իր ամուսինը բազմաթիվ բացահայտումներ է անելու բանտային կյանքի և իր նկատմամբ գրանցված խախտումների մասին:
Միևնույն ժամանակ, Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Epress.am-ին ասել է, որ դեռևս հստակ որոշում չկա՝ կթողնեն արդյոք դատապարտյալին ասուլիսով հանդես գալ, թե ոչ: Որոշումը կկայացվի այսօր:
Դատապարտյալը սեպտեմբերի 26-ին կտրել էր ոտքի և ձեռքի երակները և մեխել ոտքերը։ Հակոբյանի խոսքով՝ դրա պատճառն է եղել ՔԿՀ-ի օրվա հերթապահ պատասխանատու մայոր Սմբատ Հակոբյանը: Արտակ Հակոբյանը կնոջը պատմել է, որ մայորն իրեն անընդհատ նվաստացուցիչ խոսքերով է դիմել՝ փորձելով կռիվ հրահրել։
Մայորի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբյանը դիմել էր Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նշենք, որ Հակոբյանը մի քանի անգամ բողոք է ներկայացրել ՔԿՀ-ների դեմ՝ դիմելով դատարան, և խոսել իր նկատմամբ կողմնակալ ու դաժան վերաբերմունքից: Ըստ դատապարտյալի՝ իր նկատմամբ ճնշումներ են գործադրում, իսկ իրենից վրեժ լուծելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ իր ցուցմունքների հիման վրա համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը և նույն ՔԿՀ-ի ևս մեկ աշխատակից: