Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին այցելել են Ադրբեջանի քաղաքացիներ Դիլգամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին, որոնք հուլիսի կեսերին ձերբակալվել էին Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայտարարել են, որ այցելության ընթացքում գրությունների փոխանակում է տեղի ունեցել։ Ինչպես նշում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ձերբակալվածներից մեկը՝ Ասքերովը, Ռուսաստանի քաղաքացի է։
Երեկ ադրբեջանցիների գործն ուղարկվել է Ստեփանակերտի դատարան, սակայն առաջին դատական նիստի օրը դեռ չի նշանակվել։
Հիշեցնենք, որ հուլիսին ԼՂՀ֊ի Քարվաճառի (Քելբաջար) մոտ իրավապահները ձերբակալել էին Դիլգամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին, իսկ Հասան Հասանովը սպանվել էր։ Վերջինիս դին հոկտեմբերի 2-ին փոխանցվել է ադրբեջանական կողմին։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները և սպանվածը երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։ Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:
Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։
Լուսանկարում՝ Ասքերովն ու Գուլիևը մինչև գերությունը և դրանից հետո