ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Բողոքը ներկայացրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Ավելի վաղ լրագրողը պատմել էր, որ այդ օրը Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանն իր ձեռքից խլել էր ձայնագրիչը։ Դրանից հետո Կարապետյանը կարգադրել է իրեն ուղեկցող անձանց վերցնել լրագրողի հեռախոսը։ Նրանցից մեկը, որի բեյջի վրա գրված է եղել «Աբրահամյան Ա», խլել է հեռախոսը, ջնջել նկարահանված նյութը, ապա վերադարձրել այն։
Համաձայն քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը)։
Եթե քննությունը Կարապետյանի մեղքն ապացուցված համարի, ապա նա կպատժվի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից