Սյունիքի մարզում գտնվող Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտ 60%-ը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Այս մասին ecolur.org-ի հետ զրույցում ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանը:
Վերջինս նշել է, որ հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության տարածքը կազմում է 320.8հա, որից 186.4հա ազգային պարկի տարածքում է: Խնդրի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն:
Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետարանում տեղի ունեցած Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հանրային լսումների ժամանակ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նշել էր, որ հանքավայրի տարածքը մտնում է «Արևիկ» ազգային պարկի մեջ:
«Չի կարող պատահի», – պնդել էր նախագծի հեղինակ՝ «Ակունք-ֆիրմա» ընկերության տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից ecolur.org֊ին տեղեկացրել են, որ նախագիծը դեռ փորձաքննություն է անցնում:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը, բացի դա, Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդերքի շահագործումը պայթեցման միջոցով և հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:
Ecolur.org-ը նշում է, որ հանքի շահագործման դեպքում կխախտվեն ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը, «Բուսական աշխարհի» մասին և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում