Հայաստանում բողոքի ակցիաները մեծ մասամբ սոցիալական պատճառներ ունեն․ մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ են պահանջում, ու դա կապված չէ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի հետ։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»֊ի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը։ Նշենք՝ հոկտեմբերի 10֊ին Երևանում անցկացվելու է ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքը, որին մասնակցելու է նաև Ծառուկյանը։
«Մայդանները մարդկանց ավելի հաճախ ցավ ու տառապանք են պատճառում։ Ես նման ուղու կողմնակիցը չեմ։ «Մայդանի» այլընտրանքը, սակայն, չպետք է լճացումը լինի։ Դա նույնպես բերում է կորուստների։ Իսկ Հայաստանի պես փոքր երկրների համար նման կորուստները կարող են չափազանց ցավոտ լինել»,֊ ասել է քաղաքական գործիչը։
Անդրադառնալով Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններին՝ Ծառուկյանը նշել է, որ «այդ կեղծ գաղափարը արհեստականորեն է շրջանառության մեջ դրվել»։
«Վստահ եմ՝ ինձնից կամ իմ մերձավորներից հակառուսական հայտարարություններ նախկինում երբեք չեք լսել ու ապագայում էլ չեք լսի․․․»,֊ վստահեցրել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման առարկա․ «Ավելի քան մեկ միլիոն իմ հայրենակիցներ ժամանակավոր կամ մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանի տարածքում։ Ձեռնարկատիրական գործունեությանս արդյունքում սերտ կապեր եմ հաստատել Ռուսաստանի գործնական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ ես «Բարգավաճ Հայաստան» և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման նախաձեռնողներից էի։ Մյուս կողմից, հայտնի պատմական իրադարձությունների արդյունքում միլիոնավոր հայեր նաև բնակվում են արևմտյան երկրներում։ Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դառնա նրանց բոլորի համախմբման կենտրոնը։
Ինչ վերաբերում է, մասնավորապես, հայ֊ռուսական հարաբերություններին, ապա ես հետևյալ բանաձևի կողմնակիցն եմ․ Հայաստանին անհրաժեշտ է հզոր դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի։ Այս բանաձևը, սակայն, հակառակ կողմն էլ ունի․ Հարավային Կովկասում Ռուսաստանին պետք է Հայաստանի պես տնտեսապես հզոր ու արագ զարգացող դաշնակիցը։ Ես պնդում եմ, որ սա միակ ճիշտ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա էլ ավելի խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Որքան ավելի ուժեղ լինի Հայաստանը, այնքան ավելի ամուր կլինեն հայ֊ռուսական հարաբերությունները»,֊ հայտարարել է Ծառուկյանը։