Home / Տեսանյութեր / Չհանձնված նորակառույցը և Հովիկ Աբրահամյանի հյուրանոցը

Չհանձնված նորակառույցը և Հովիկ Աբրահամյանի հյուրանոցը

Ամիրյան 4/4 շենքի 83 բնակարանատերեր արդեն 10 տարի է՝ անտուն են և չեն կարող օրինական ճանապարհով ստիպել կառուցապատողին արագացնել շինարարությունը, քանի որ Ֆինանսերի նախարարության հետ «անժամկետ» պայմանագիր են կնքել: Այս թեմայի շուրջ ասուլիսի ժամանակ բնակարանատերերից մեկը՝ Վաչագան Թադևոսյանը (լուսանկարում), ասել է, որ իրենց «անժամկետ» պայմանագիր համոզել է կնքել ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը՝ վստահեցնելով, որ «3 ամսից բնակարանները կհանձնվեն:

1tadevosyan

Վաչագան Թադևոսյանի խոսքով՝ ինքն ուներ խանութի տարածք, որը հանձնելու դիմաց պետք է ստանա 70 ք․մ․ մակերեսով բնակարան այդ տարածքում կառուցվող շենքում: Նման գործարքներ կնքել են ևս 23 տարածքների տերեր, իսկ նորակառույց շենքում բնարական գնել են ևս 60 հոգի: Պայմանագրերը կնքվել են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մելիք Գասպարյանի հետ: Վերջինս մահացել է, և այժմ գործով զբաղվող նրա կինը՝ Անահիտ Մնացականյանը, հրաժարվում է պատասխանել բնակարանատերերի զանգերին:

«Մեր զանգերին նա ասում է՝ զանգեք Աբրահամյանին: Նկատի ունի Հովիկ Աբրահամյանին, ում պատկանում է ողջ շենքը, քանի որ ինքը այդ շենքի մյուս կողմում հյուրանոց է բացել, իսկ մեր շենքի տակ մոյկա է աշխատացնում: Դա նրա շենքն է»,- ասել է Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ նորակառույցի պատուհանները միայն դրսի կողմից են տեղադրված, որպեսզի «չփչացնեն Աբրահամյանի նոր հյուրանոցի տեսքը», իսկ բակի կողմից պատուհաններ չկան: Բակի կողմից մուտքերում նույնիսկ վերելակներ տեղադրված չեն:

1building

Շինարարությունն իրականացնող անձինք խոստանում են, որ շենքը մոտ 7 ամսից կհանձնվի։

Նշենք, որ Epress.am-ը փորձել է կապվել Անահիտ Մնացականյանի հետ, սակայն Թադևոսյանի փոխանցած հեռախոսահամարին պատասխանած անձը հայտնել է, որ համարն արդեն 6 տարի է՝ պատկանում է իրեն, և ինքը «ոչ մի Անահիտ Մնացականյան» չի ճանաչում: