2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում զոհված 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, երեկ ՀՀ Դատական դեպարտամենտից ստացել է պատասխան իր հարցմանը: Epress.am-ի հետ զրույցում Մուրադյանն ասել է, որ ինքն արդեն երրորդ անգամն էր դիմում Դատական դեպարտամենտ՝ խնդրելով իր որդու գործով նիստերը անցկացնեն ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայր Ստեփանակերտում, այլ Հայաստանի տարածքում։
Դատական դեպարտամենտն առաջին անգամ Մուրադյանի դիմումին ի պատասխան ոչ թե հիմնավորել կամ արդարացրել է Ղարաբաղում նիստերն անցկացնելու փաստը, այլ հարցն ուղարկել է Սյունիքի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին:
«Հաշվի առնելով, որ դիմումում բարձրացրած հարցերի լուծումը դուրս է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորություններից, ինչպես նաև այն, որ քրեական գործը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ուղարկվում է Հովսեփ Մուրադյանի բողոքը և կից ներկայացված փաստաթղթերի պատճեները»,- ասված է Դատական դեպարտամենտի պատասխանում:
Մինչդեռ նախորդ բոլոր դիմումների պատասխաններում դատական դեպարտամենտի տարբեր ներկայացուցիչները չէին հիշատակել հարցի՝ դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից դուրս լինելը: «Քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործի ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ: Ընդդատությունը փոխելու որոշումը կայացնում է գործը քննող դատարանը: Նույն օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա նիստեր»,- մի քանի ամիս առաջ Հովսեփ Մուրադյանին պատասխանել էր դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանը:
Հովսեփ Մուրադյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է՝ այն, որ դեպարտամենտը հարցը ուղղորդել է դատարանին, չի նշանակում, որ հարցը կլուծվի: «Ես 4 անգամ դիմել եմ Սյունիքի դատարանին, մեկ անգամ՝ դատարանի նախագահին, ոչ մի անգամ չի հարգվել»,- ասել է Մուրադյանը:
ՀՀ Մարդու իարվունքների գրասենյակում Մուրադյանին ևս խոստացել են դիմել Դատական դեպարտամենտ: Քաղաքացու խոսքով՝ իրեն կանչել են ՄԻՊ գրասենյակ, ներողություն խնդրել, որ ՄԻՊ-ը ԱԺ-ում հերքել էր, որ ստացել է բողոքներ Ստեփանակերտում՝ Սյունիքի դատարանի գործերը քննելու մասին:
ՄԻՊ գրասենյակում խոստացել են այժմ զբաղվել Մուրադյանի բողոքով: