15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի (լուսանկարում) գործով դատավարության առաջին նիստին Կունգորցևի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը բացարկ է հայտնել գործը քննող դատախազ Պետրոս Մարտիրոսյանին: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Պապիկյանը:
Իր հիմնավորման մեջ փաստաբանը նշել է, որ դատախազը չի կարող մեղադրանքը պաշտպանել, քանի որ նախաքննության ողջ ընթացքում անգործության է մատնված եղել: Պապիկյանն ասել է, որ մինչ դատախազը գործը չէր վերահսկում, քննիչ Տարոն Թադևոսյանը բազում խախտումներ ու կամայականություններ է թույլ տվել:
Քանի որ նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, դատարանը նիստը հետաձգել է՝ որոշելով բացարկի միջնորդությանն անդրադառնալ նոյեմբերի 18-ին նշանակված նիստում:
Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:
Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:
Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ քննությունը անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին՝ կալանավորելով վերջինիս։
Գործի մանրամասները՝ այստեղ