Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստի ընթացքում մերժել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Կարեն Կունգորցևի նկատմամբ կալանքը երկարաձգելու մասին որոշման բողոքը։
Թեև պատասխանող կողմը՝ քննիչը և դատախազը, չէին ներկայացել դատարան, նախագահող Գագիկ Ավետիսյանը չի հետաձգել բողոքի քննութունը և որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է դատական նիստին ներկա Կարեն Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Պապիկյանն ասել է, որ իր բողոքի հիմքում ընկած է այն փաստը, որ կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու համար նախաքննական մարմինը ոչ մի նոր հիմավորում չէր ներկայացրել՝ նշելով միայն այն, ինչը առաջին կալանքի որոշման համար էր հիմք հանդիսացել, այն է՝ ճանաչման մասին արձանագրությունը: Ըստ գործի նյութերի՝ Կունգորցևին ճանաչել էր միջադեպի մասնակից երիտասարդներից մեկը, սակայն այսօր դատարանում նոր փաստեր չեն ներկայացվել։
Պապիկյանը նշել է, որ կալանքը երկարաձգելու համար ոչ միայն նոր, այլև չափազանց ծանրակշիռ փաստեր պետք է բերվեն, և այդ մասին կան Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի որոշումներ:
Առաջին ատյանի դատարանը, դեկտեմբերի 5-ին բավարարելով քննիչի` կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը, անրադարձել էր նաև նախաքննական մարմնի այն հիմնավորմանը, թե մեղադրանքը ծանր է և ենթադրում է կալանք:
Պապիկյանն այս հիմնավորումը ևս հակաիրավական է համարում, քանի որ մեղադրանքի ծանրությունը չի կարող պատճառ լինել կալանքը երկարաձգելու համար: Փաստաբանը նշել է, որ Կունգորցևի դեպքում մեղադրանքի ծանրությունը դեռ կասկածելի է նույնիսկ նախաքննական մարմնի համար. քննիչը նշանակել է փորձաքննություն՝ պարզելու` արդյոք մահացողին կարող էին հիվանդանոցում օգնություն ցույց տալ և կյանքը փրկել, այսինքն՝ քննիչը դեռ ցանկանում է պարզել՝ արդյոք տեղի ունեցածը կարելի է սպանություն որակել:
Քննիչները նաև հիմնավորել են, թե Կունգորցևը կարող է, ազատության մեջ հայտնվելով, խուսափել քննչական գործողություններից: Այս հիմնավումը, ըստ փաստաբանի, ևս անհեթեթ է, քանի որ մեղադրյալը նախկինում այլ գործով մեղադրյալ է եղել, ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն որևէ անգամ չի խուսափել ներկայանալ, մասնակցել գործի քննությանը:
Փաստաբանը նշել է, որ այցելել է Կունգորցևին անցյալ շաբաթ, և հանդիպումից հետո վերջինս ինքնավնասման փորձ է կատարել՝ կտրել է երակները: Պապիկյանի խոսքով՝ նման վարքի պատճառն այն է, որ Կունգորցևը ստիպված է ավելի քան 3 ամիս կալանքի տակ լինել ուրիշի կատարած հանցագործության համար: Ավելին՝ նրան սպառնում է երկար տարիների ազատազրկում, իսկ քննչական մարմնի գործողութունները խիստ մտահոգիչ են: Փաստաբանը բերել է մեկ օրինակ՝ քննիչը սպանությունից միայն երկու ամիս անց է միջնորդել դատաբժշկական փորձաքննության մասին, և հիմա էլ կալանքը երկարացնելը հիմնավորում է նաև նրանով, որ դեռ չկա փորձաքննության պատասխանը:
Կունգորցևի մայրը պնդում է, որ որդուն ոստիկանությունում ծեծի են ենթարկել ստիպելու համար խոստովանել, թե ինքն է կատարել սպանությունը: