2013 թվականին առաջին անգամ հեղինակային իրավունքի մասին օրենքում տեղ է հատկացվել զանգվածային լրատվամիջոցներին և առաջին անգամ կարևորվել են նաև նրանց իրավունքները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս փաստը դրական է գնահատել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նշենք, որ այս տարի ուժի մեջ մտած օրենքի նախագիծը նախատեսում է գրագողության համար պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցներին: Այժմ այլ աղբյուրից մեջբերումներ կատարելիս, մասնավորապես, էլեկտրոնային ԶԼՄ-ները պարտավոր են նյութը մասնակի ցիտել և ակտիվ հղում տալ սկզբնաղբյուր կայքին կամ հղում կատարել սկզբնաղբյուր թերթին։
Նավասարդյանն ընդգծել է, որ, մի մասի կարծիքով, դրանից ոչ մի փոփոխություն չի լինելու, մինչդեռ մյուս մասն էլ կարծում է, որ իրավիճակը կփոխվի, երբ մի քանի լրատվամիջոցներ պատժվեն։
«Այնուամենայնիվ, ուսումնասիրելով նաև համաշխարհային փորձը, վստահ եմ, որ առայժմ անհնարին է լիարժեքորեն պայքարել էլեկտրոնային լրատվամիջոցի հեղինակային իրավունքների համար օրենսդրական դաշտում, ուստի շատ լրատվամիջոցներ ուղղակի իրենք են գտնում պայքարի քիչ թե շատ արդյունավետ միջոցներ», – ասել է բանախոսը:
Նրա խոսքով՝ տարվա ընթացքում գրանցված երկրորդ դրական զարգացումը թվայնացման գործընթացի մեկնարկն է, որն ավարտվելու է մինչև 2015 թվականի կեսերը։ Այդ գործընթացը սկսվել է 2006 թվականից, սակայն գործնականում չի իրագործվել։
«Որպես լրատվական դաշտի այս տարվա ձեռքբերում նշեմ, որ վերջապես ինչ-որ ընկերություն տենդեր է շահել և իրականացնելու է թվայնացման աշխատանքերը Հայաստանում, այդ ընկերությունը Ericsson-ն է», – ասել է բանախոսը։
Վերջինս, սակայն, հիշեցրել է, որ Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը կազմակերպելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ այն իր հետ կբերի մի շարք մարտահրավերներ ու հարցեր, որոնք դեռևս պատասխաններ չունեն:
«Ի՞նչ սոցիալական փաթեթներ են ստեղծվելու, հին հեռուստացույցներին ինչ սկզբունքով են տրվելու սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի անցնել թվայնացմանը: Ըստ նախանական տվյալների` տրամադրելու են 100 հազար այդպիսի անվճար սարքերը, բայց թե ինչ ընտանիքների, դեռևս պարզ չէ։ Իսկ հեռուսատցույցների վաճառքով զբաղվողները չգիտեն, թե ինչ հետուստացույց բերեն ու վաճառեն», – եզրափակել է Նավասարդյանը։