Այսօր ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումներ են ընթանում, իսկ ԱԺ֊ի շենքի մոտ մի խումբ քաղաքացիներր բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով մերժել նախագիծը:
Բողոքի ակցիային մասնակցում են ինչպես հղի կանայք, մանկահասակ երեխաներ ունեցող կանայք, այնպես էլ տղամարդիկ, որոնք երիտասարդ ընտանիքների հայրեր են և մտահոգ են իրենց ընտանեկան բյուջեն կրճատող օրինագծով:
Բողոքողներն ընդունում են, որ գործող օրենքը թույլ է տալիս որոշ կանանց, խարդախ ճանապարհներով գործատուի հետ համաձայնության գալով, գերնպաստներ ստանալ, սակայն նրանց կարծիքով՝ կառավարությունը չի կարող կոռուպիոն ռիսկերի դեմ պայքարել այլ կանանց վնասելու գնով:
«Ասելով, որ օրենքը փոխում են կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ստորագրում են, որ իրենք ապաշնորհ են»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Օրենքը, որ նախատեսվում է կիրառել հունվարի 1-ից, ըստ էության, դրական փոփոխություններ է նախատեսում չաշխատող մայրերի համար: Ըստ դրա՝ չաշխատող կանայք ծննդաբերությունից 70 օր առաջ և 70 օր հետո ստանալու են նվազագույն աշխատավարձի չափ նպաստ (50 000 դրամ): Այս գումարը, սակայն, հավաքվելու է աշխատող կանանց հաշվին, քանի որ օրենքը նրանց ստանալիք հետծննդյան և նախածննդյան նպաստների չափը կրճատելու է: Եթե գործող օրենքով այդ 140 օրվա համար աշխատող մայրերը ստանում են վերջին 12 ամսվա իրենց աշխատավարձի միջինի չափ գումար, ապա այժմ պետք է ստանան աշխատավարձի ընդամենը 40 տոկոսը, և ավելի բարձր՝ 80 տոկոսը, եթե ունեն ավելի քան 3 տարվա ստաժ, ընդ որում՝ եթե այդ 3 տարվա ընթացքում աշխատավայրը չեն փոխել: Այդ նպաստը հնարավորինս քիչ լինելու համար վերին շեմ է սահմանվել. մայրը, եթե ունի 1-2 երեխա, չի կարող ստանալ ավելի շատ, քան 2.5 միլիոն դրամ, և եթե ունի 3 և ավելի երեխա, չի կարող ստանալ ավելի քան 3.5 միլիոն դրամ: