Կինը չպետք է խառնվի տղամարդկանց խոսակցությանը, համոզված է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով անցյալ շաբաթ ԱԺ֊ում տեղի ունեցած միջադեպին, երբ իր և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև ծագած լեզվակռվի ժամանակ տեղից խոսել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Աղջիկս կլինի, կինս կլինի, երբ երկու տղամարդ խոսում են, երբ ես ասում եմ, չեն միջամտում, այդքան դաստիարակված են», ֊ ասել է ՀՀԿ֊ականը:
Այվազյանը հայտարարել է, որ ինքը նախ և առաջ հայ տղամարդ է և հետո միայն պատգամավոր, և որ իրեն քաղաքական որևէ խնդիր բացարձակապես չի հուզում, երբ հարցը վերաբերում է մարդկային արժանապատվությանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի և Այվազյանի միջև լեզվակռիվ է սկսվել սահմանամերձ գյուղերին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ:
Փաշինյանի դիտողությանը, թե սահմանամերձ գյուղերում գործարարներին արտոնություններ տալով՝ իշխանություններն ուզում են իրենց միլիոնները կրկնապատկել, Այվազյանը պատասխանել է. «Սահմանամերձ գոիտներում ինչքան օբյեկտ ունեմ, քեզ եմ տալիս, հանգստացի»:
Փաշինյանի բարձրախոսն արդեն անջատված է եղել, նա տեղից պահանջել է իր հետ «դուք»֊ով խոսել։ Այվազյանը շարունակել է «դու»֊ով դիմել, իսկ վեճին միջամտած Զարուհի Փոստանջյանին ասել է․ «Դո՞ւ խի անհանգստացար»։
Վեճի ընթացքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մի քանի անգամ կոչ է արել «կոռեկտ պահել», քանի որ «ԱԺ-ն շուկա չէ»: