Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ամենայն հավանականությամբ, չեն կարող էական ազդեցություն ունենալ երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա: «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ ընդգծելով, որ, ըստ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ընդդիմադիրների ելույթների՝ գործնականում ոչ ոք դեմ չէ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությանը, բացառությամբ մեկ ուժի։
Ոչ իշխանական եռյակի հանրահավաքին չշրջանցվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման: Միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ արտահայտվեց Հայաստանի անդամակցությանն այս կառույցին։
«Սերժ Սարգսյանը, որպես ոչ լեգիտիմ պաշտոնյա, իր առոչինչ ստորագրությամբ, Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ», – հայտարարեց «Ժառանգության» նախագահը։
Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում շեշտեց, որ անդամակցությունն արդեն կայացած իրողություն է։
Իվան Վոլինկինի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ առաջին նախագահն իր ելույթի զգալի մասը կառուցել էր Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու փաստի վրա։ Այդուհանդերձ, Ռուսաստանի դեսպանը զերծ մնաց գնահատականներ հնչեցնելուց:
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում Հայաստան-Եվրամիություն հետագա հարաբերությունները, Վոլինկինն ասաց, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալով ճիշտ ռազմավարական որոշում է կայացրել։
«Ռուսաստանն իր հարաբերություններն ունի ԵՄ-ի հետ, և լիովին նորմալ է, երբ պետությունները փորձում են բազմակողմանի հարաբերություններ զարգացնել: Կարևորն այն է, որ դրանք չլինեն ի վնաս Եվրասիական տնտեսական միությանը։ Բայց, ես կարծում եմ, որ Հայաստանը, ԵՏՄ-ին միանալով, ճիշտ ռազմավարական որոշում է կայացրել, սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի համար փակ են այլ երկրների հետ համագործակցելու հնարավորությունները», ֊ նշեց դեսպանը։