Հայաստանյան ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է չվերթները։ Այս մասին ընկերությունը երեկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ իր խնդիրների մեջ, մասնավորապես, մեղադրելով «Ռոսաէրոնավիգացիա» ռուսաստանյան պետական ծառայությանը։
«Էյր Արմենիան» նշում է, որ այս տարվա սեպտեմբերի 11-ին «Ռոսաէրոնավիգացիայի» տարածած հայտարարությունը, որում նշվում է, թե հայաստանյան ավիաընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքներ, մեծ վնաս է հասցրել ընկերությանը։
«Հայտարարությունը խուճապ առաջացրեց թե՛ ուղևորների, թե՛ կրեդիտորների և թե՛ դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղևորափոխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցին ավելի քան 60%-ով:
Միաժամանակ բոլոր կրեդիտորները սկսեցին պահանջել իրենց հասանելիք գումարները՝ հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկներից, իսկ դեբիտորները հրաժարվում էին փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները՝ պատճառաբանելով, որ ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ետ վերադարձնել գումարները», ֊ տարածած հաղորդագրության մեջ ընդգծում է «Էյր Արմենիան»:
Ի հավելումն այլ խնդիրների, ընկերությունը ստիպված է եղել իր կողմից շահագործվող օդանավերից երկուսը ուղարկել Հոլանդիա՝ տեխնիկական սպասարկման նպատակով:
«Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: Առաջացած խուճապի և հասարակության շրջանում առկա անորոշությանը զուգահեռ Ա320 տիպի օդանավերի սեփականատերերը պահանջեցին օդանավերից մեկի տեխնիկական հերթական և մյուսի ոչ պլանավորված տեխնիկական սպասարկումը իրականացնել իրենց պատկանող օդանավակայանում իրենց ավելի ապահովագրված զգալու նպատակով:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, ի զարմանս շատերի, իր մեջ գտավ եռանդ, ուժ և միջոցներ՝ թռիչքները կազմակերպելու ընդամենը մեկ օդանավով», ֊ նշում է ընկերությունը:
Ըստ «Էյր Արմենիայի»՝ խնդիրների պատճառ են եղել նաև տոմսերի վաճառքով զբաղվող որոշ գործակալներ, որոնք «իրենց մոտ պահեցին հասույթները տոմսերի վերադարձի երաշխիք ապահովելու համար»:
«Արդյունքում հասույթները Հայաստանում մոտեցան կրիտիկական մինիմումի և ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ: Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Էյր Արմենիային» պատկանող երկու Ա320 օդանավերը վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները՝ ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի»,- նշում է ավիաընկերությունը` հայցելով ուղևորների ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար:
Նշենք, որ վերջին օրերին «Էյր Արմենիան» չի իրականացրել դեպի Փարիզ, ինչպես նաև դեպի մի քանի ռուսաստանյան քաղաքներ նախատեսվող չվերթները, թեև տոմսերը վաճառված են եղել։ Ընկերությունը հայաստանյան ավիափոխադրումների շուկայում գործում է 2013 թվականից՝ «Արմավիա» ավիաընկերության սնանկությունից հետո։ Համաձայն ԶԼՄ֊ների հրապարակումների, այն պատկանում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքին։