Ռուսաստանյան «ՅուՏէյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի տոմսերը կարժենան ավելի շատ, քան երեկ գրված է եղել ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ընկերությունը նշել է, որ տոմսի գինը սկսվելու է 49 եվրոյից՝ չհաշված գործակալական վճարները։ Այսօր առավոտյան մեր զանգին ի պատասխան՝ «ՅուՏէյր»-ի հայաստանյան գրասենյակում նշեցին, որ իրականում 49 եվրո տոմսի արժեքն է ոչ թե միայն առանց գործակալական վճարների, այլ նաև առանց տուրքերի։ Հաղորդագրության մեջ, փաստորեն, իրական գինը նշված չի եղել, ինչը թյուրիմացության մեջ է գցում սպառողին։
Բոլոր տուրքերը և վճարները ներառած՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա միակողմանի տոմսն այսօր կայքի միջոցով հնարավոր է գնել 61 հազարից մինչև 73 հազար դրամով (106-ից 126 եվրո)։ Փաստորեն, դա մոտավորապես այն գինն է, որը սահմանում են Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող մյուս ավիաընկերությունները։
Epress.am-ի հետ զրույցում զբոսաշրջության ոլորտի մի քանի փորձագետներ նշել են, որ նման գովազդային հնարքները տարածված են ամբողջ աշխարհում։ Սովորաբար ավիաընկերությունները նշում են տոմսի «մաքուր» գինը՝ այն գումարը, որն իրենք են ստանում՝ առանց լրացուցիչ վճարների, որոնք տոմսի մեջ ներառվում են կապված օդանավակայանի տուրքերի, գործակալական վճարների և այլ հարկերի հետ։