Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի տասնյակ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց, հայտնում է iLur.am֊ը։ Կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի վերջին վերինկարմիրաղբյուրցիները լուրջ խնդրի առաջ են կանգնել․ «Եղվարդշին» շինարարական ընկերության կողմից գյուղի այգիների մոտ կատարած եռակցման աշխատանքների պատճառով 12 հեկտար հողատարածք է այրվել, սակայն ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում տալ: Ընդհանուր առմամբ այրվել են 37 ընտանիքի պատկանող 12 հեկտար բերքատու այգիներ, մեկ դաշտային տնակ, մեկ տասնյակ մեղվափեթակ, հասցվել է մոտ 60 միլիոն դրամի վնաս: Գործը Տավուշի մարզի քննչական բաժնում է:
«Եղվարդշին» ՓԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանն ավելի վաղ News.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե հրդեհն իրենց մեղքով չի եղել, և այրվել է ոչ թե 12 հեկտար հողատարածք, այլ 3-4 բնակչի խաղողի այգի: Բնակիչները, սակայն, համոզված են, որ կարգադրություն կա գործը ձգձգելու ու փակելու:
Այսօր նախագահականի մոտ հավաքված գյուղացիները նորից նույն պահանջով են եկել՝ Սերժ Սարգսյանի միջոցով փոխհատուցում են պահանջել, քանի որ տեղական իշխանությունները իրենց որևէ կերպ օժանդակություն չեն ցուցաբերել:
Հավաքվածները նշել են, որ իրենք մինչ այս արդեն երկու անգամ դիմել են Սերժ Սարգսյանին, սակայն հստակ պատասխան չեն ստացել: Ցուցարարները նաև հավելել են, որ եթե իրենց հստակ պատասխան չտրվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույցի և հացադուլի:
Նախագահականում ընդունել են հավաքվածներից երեքին և առաջարկել դիմում գրել՝ խոստանալով դիմումին պատասխանել ուրբաթ օրը: