Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում մահացած 28-ամյա Անի Դավթյանի մահվան առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է News.am֊ը։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից կայքին հայտնել են, որ հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սիսիանի բնակչուհի Անի Դավթյանը, որը հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:
Համաձայն քննչական կոմիտեի, հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինչից հետո կինը ծննդալուծվել է: Այնուհետև նա ունեցել է շնչարգելություն, սուր սրտանոթային անբավարարության երևույթներ և երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում մահացել է:
Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատարստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Անի Դավթյանի մայրը համոզված է, որ աղջկա մահը վրա է հասել բժիշկների մեղավորության պատճառով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նա ասել է, որ աղջիկը ցավերի մեջ գոռում էր, բայց բժիշկները ոչինչ չէին անում:
«Արյուն էր պետք, բայց հիվանդանոցում արյուն չունեին: Ամբողջ Սիսիանը հավաքվել էր, որ արյուն տար, բայց լաբորատորիայում բժշկուհի չունեին, որ արյուն վերցնեին: Ռեամոբիլ պահանջեցի, որ իրեն Երևան տեղափոխեին, բայց չկար այդ մեքենան: Երևանում էր»,- ասել է մահացածի մայրը՝ կարծիք հայտնելով, որ եթե աղջկան կարողանային տեղափոխել Երեւան, գուցե փրկվեր: