Երեկ՝ նոյեմբերի 9֊ին, Բաքվի «Մեհսուլ» ստադիոնում կայացած ընդդիմության հանրահավաքի մասնակիցները պահանջում էին երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը։ Միջոցառման կազմակերպիչը Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն էր։
Contact.az֊ի փոխանցմամբ՝ հավաքվածները, ազգային֊պետական խորհրդանիշից բացի, պարզել էին նաև Եվրամիության դրոշներ, ինչպես նաև «Ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը», «Փոխել ընտրական օրենսգիրքը», «Վերջ քաղաքական ճնշումներին», «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով պաստառներ։ Ցուցարարները պահել էին նաև ձերբակալված իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների, կրոնական ակտիվիստների լուսանկարներով պաստառներ։
Հանրահավաքի սկզբին ոստիկանությունը լրագրողներին թույլ չէր տալիս ակցիան լուսաբանել տրիբունաներից՝ դրանց դիմաց երկաթե պատնեշներ տեղադրելով։ Հավաքվածները, սակայն, սկսեցին վանկարկել՝ պահանջելով չխոչընդոտել լրագրողների աշխատանքին։ Արդյունքում, ոստիկանությունը լրագրողներին թույլ տվեց մոտենալ տրիբունաներին։
Կազմակերպիչների գնահատականով՝ հանրահավաքին մասնակցել է առնվազն 7 հազար մարդ։
Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլին իր ելույթում հայտարարել է, որ երկրում այսօր «իշխում է չարիքը»։ «Սովորաբար, նման ռեժիմները ժողովրդի ձայնը խլացնում են։ Ադրբեջանում, սակայն, չնայած լայնածավալ ճնշումներին, ժողովուրդը դուրս է եկել փողոց ու բողոքում է չարի դեմ։ Իշխանությունները ճնշումների միջոցով ցանկանում էին ահաբեկել ժողովրդին ու Ադրբեջանի հասարակությանը ստիպել լռել։ Բայց դա նրանց չհաջողվեց՝ չնայած ակտիվիստների, լրագրողների ու բլոգերների ձերբակալություններին։ Մենք մեր պայքարով ցույց տվեցինք, որ այդ մարդկանց հանցագործ չենք համարում, հակառակը՝ պաշտպանում ենք նրանց»,֊ ասել է ընդդիմադիր գործիչը։
Քերիմլին վստահություն է հայտնել, որ երկրի ղեկավարությանը չի հաջողվի Ադրբեջանը վերածել Հյուսիսային Կորեայի։ «Ադրբեջանում բռնապետությունը չի անցնի։ Մենք բողոքելու ենք, քանի դեռ չենք ազատել բոլոր քաղբանտարկյալներին»։
Ազգային խորհրդի անդամ Նամիզադ Սաֆարովն իր ելույթում նշել է․ «Մարդիկ այսօր հավաքվել են այստեղ, որպեսզի ցույց տան՝ չեն ուզում լինել ստրուկներ ու պնակալեզներ։ Նրանք ցանկանում են ապրել որպես ազատ մարդիկ՝ արժանապատվորեն»։
Ժողովրդավարական ուժերի մեկ այլ ներկայացուցիչ, իրավաբան Վիդադի Միրքամալը հայտարարել է՝ երբ նախորդ նախագահական ընտրություններին քաղաքացիները կրկին չքվեարկեցին այդ ռեժիմի օգտին, իշխանությունների ատելությունը ժողովրդի հանդեպ էլ ավելի աճեց։
«Ընտրությունները կեղծելու փաստը հաստատել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը։ Նրանք, ովքեր բարձրաձայն հայտարարեցին ընտրությունների կեղծ լինելու մասին, այժմ կալանավորված են՝ Անար Մամեդլին, Բաշիր Սուլեյմանլին, Լեյլա Յունուսը, Ինթիգամ Ալիևը։ Իշխանությունները քաղաքացիական հասարակության ակտիվիստներին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ, իսկ ո՞վ է պատասխան տալու ժողովրդից գողացված 48 միլիդրադի համար»,֊ հայտարարել է Միրքամալը։
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին, խոսելով Ադրբեջանի ավելի քան 100 քաղբանտարկյալների մասին, նշել է, որ իշխանությունների ձերբակալված քննադատների նման թիվ գոյություն չունի նույնիսկ բացարձակ միապետություններում։
Անդրադառնալով հասարակական խնդիրներին՝ Հասանլին ասել է, որ Խորհրդային տարիներին ուսանողներն իրենց կրթաթոշակներով կարող էին գնել տոմս դեպի Մոսկվա, իսկ այժմ կրթաթոշակը նույնիսկ բավարար չէ Ադրբեջանի շրջաններ մեկնելու համար։
Թոշակառուների թոշակները բավարար չեն դեղորայքի համար։ Ադրբեջանցիները բուժման նպատակով ստիպված են մեկնել հարևան Իրան։ Չնայած գյուղատնտեսության ներուժին՝ գյուղացիները խղճուկ կյանք են վարում, ասել է Հասանլին։