Home / Տեսանյութեր / Արհեստական առնանդամն ու խոշտանգումները․ Սերժ Սարգսյանից արդար վճիռ են ակնկալում (ՎԻԴԵՈ)

Արհեստական առնանդամն ու խոշտանգումները․ Սերժ Սարգսյանից արդար վճիռ են ակնկալում (ՎԻԴԵՈ)

Այսօր մի քանի տասնյակ քաղաքացի բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով արդար վճիռ կայացնել։ Առուշանյանի հարազատները նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ակնկալում են հանդիպել նրա հետ, իսկ իրենց պահանջը չբավարարելու դեպքում պատրաստ են հացադուլ սկսել։

Բողոքողները նախագահականի դիմացի մայթին էին կանգնել պաստառներով, որոնց վրա, մասնավորապես, գրված էր․ «Մենք հավատում ենք մեր նախագահին ու նրա խոստումներին։ Արդար դատավճիռ Աշոտ Առուշանյանի նկատմամբ», «Ամերիկյան համալսարանի գերազանցիկ շրջանավարտ Աշոտ Առուշանյանն արդեն 3֊րդ տարին է, ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ»։

Աշոտ Առուշանյանն այս տարվա հունիսին դատապարտվել է 5,6 տարվա ազատազրկման։ Համաձայն մեղադրական եզրակացության, 2011թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանը կազմակերպել է «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակությունը, իսկ տեղափոխվող գումարի մասին տեղեկությունը նրան տրամադրել է Առուշանյանը։ Կարաքեշիշյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նույն գործով որպես մեղադրյալ անցնում էր նաև Արտաշես Գալուստյանը, ով ազատ է արձակվել ու հետագայում ինքնասպան եղել իր տանը։

Այսօր Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր որդուն դատապարտել են առանց ապացույցների առկայության։ Նրա խոսքով՝ մեղադրականի համար հիմք է հանդիսացել Արտաշես Գալուստյանի ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների միջոցով։ Կալանավորված երիտասարդի հայրը նշել է, որ խոշտանգումներն այնքան դաժան են եղել, որ ինքը չի կարող դրանց մասին խոսել լրագրողների մոտ։

Նշենք, որ Առուշանյանի դատավարության ընթացքում խոշտանգումների մասին պատմել էր նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ով, մինչ ցուցմունք տալը, խնդրել էր կանանց լքել դատական նիստերի դահլիճը։ Առաքելյանը պատմել էր, որ բանտում եղած ժամանակ իր հետ մեկ շաբաթ նույն խցում է եղել Արտաշես Գալուստյանը։ Վերջինս Առաքելյանին ասել է, որ դաժան ծեծի ու խոշտանգումների են ենթարկել ոստիկանությունում, անգամ արհեստական առնանդամը ձեռքներին սպառնացել են, որ դրանով «կծեծենք, կնկարահանենք ու կուղարկենք բերդ»: Գալուստյանն Առաքելյանին նաև ասել է, որ իրեն ստիպում են սուտ ցուցմունք տալ երրորդ անձի դեմ՝ խոստանալով փոխել խափանման միջոցը։

Լավրենտի Առուշանյանն ընդգծել է, որ Գալուստյանը ձերբակալվելուց հետո ինքնախոստովանական ցուցմունք է գրել, որի մեջ չի նշել Առուշանյանի անունը, և իր որդուն հիշատակել է միայն մեկ ամիս անց։

Հայրը հիշեցրել է, որ Վերաքննիչ դատարանը մեկ անգամ արդեն բեկանել է Առուշանյանի դեմ վճիռը՝ այն հետ ուղարկելով առաջին ատյանի դատարան նոր քննության համար։ Լավրենտի Առուշանյանի խոսքով՝ երկրորդ քննության ժամանակ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը գործը անաչառ քննել է մինչև նախավերջին նիստը, սակայն հետագայում իր որդու դեմ վճիռ է կայացրել։ Այժմ Առուշանյանն ակնկալում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կլսի իրենց արդար ձայնը, գործն անաչառ կքննվի ու իր որդուն կարդարացնեն։

Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ընդգծել է, որ այս պահին գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, սակայն դատավարության ընթացքը իրեն չի բավարարում, քանի որ դատավոր Կարինե Ղազարյանը պաշտպանական կողմին թույլ չի տվել քննիչի հարցաքննության ժամանակ նրան հարցեր ուղղել։

Մանրամասները՝ տեսանյութում