ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկինը, 2013 թվականին թանկարժեք նվերներ են ստացել ադրբեջանցի պաշտոնյաներից: Այս մասին նշված է ԱՄՆ֊ի Պետդեպարտամենտի՝ երեքշաբթի հրապարակված ամենամյա զեկույցում, հայտնում է Turan գործակալությունը։
Մասնավորապես, դեսպան Էլին Սուլեյմանովը 2013 թվականի դեկտեմբերի 5֊ին նախագահ Օբամային նվիրել է ադրբեջանական գորգ՝ 6560 դոլար արժողությամբ։ Միևնույն ժամանակ, Միշել Օբաման նվեր է ստացել ավանդական ադրբեջանական շալ՝ 435 դոլար արժողությամբ։
Պետքարտուղար Ջոն Քերրիին անցյալ տարվա դեկտեմբերին Վաշինգտոնում նվիրել են 760 դոլար արժողությամբ մետաքսե ձեռագործ գորգ:
Նոյեմբերին Բաքվում Ադրբեջանի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նվեր ստացել 625 դոլար արժողությամբ մետաքսե գորգ։ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը, օգոստոսին գտնվելով Վաշինգտոնում, իր ամերիկացի գործընկերոջը՝ Չակ Հեյգլին, 600 դոլար արժողությամբ գինիների հավաքածու է նվիրել:
Նվերներից բացի, ադրբեջանցի պաշտոնյաները նախորդ տարվա օգոստոսին նաև հոգացել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնես կարգով թռիչքները Բաքվից Փարիզ, ասված է զեկույցում։
Հատկանշական է, որ զեկույցը հրապարակվել է դեսպան Սուլեյմանովի և ադրբեջանցի նախարարի որդու՝ Վաշինգտոնում հրավիրած շքեղ ընթրիքից մի քանի ժամ առաջ: Հրավիրվածների թվում են տասնյակ անձինք ԱՄՆ֊ի վարչակազմից, Կոնգրեսից, վերլուծաբանական կենտրոններից, և այլն։ «Ադրբեջանի բնական գեղեցկության տոն» խորագիրը կրող ընթրիքը տեղի է ունենալու ԱՄՆ֊ի մայրաքաղաքի ամենահայտնի հաստատություններից մեկում՝ Andrew W. Mellon֊ում։
Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը Ադրբեջանաամերիկյան դաշինքն է, որը գլխավորում է Անար Մամեդովը՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին:
Foreign Policy ամսագրի տվյալներով՝ Անար Մամեդովը 2012 թվականին նմանատիպ ընթրիքի համար վճարել է առնվազն 2 միլիոն դոլար։ Համաձայն նույն աղբյուրի՝ անցյալ տարի Մամեդովի կազմակերպությունը 5 միլիոն դոլար է վճարել Fabiani & Co․ լոբբիստական խմբին՝ ԱՄՆ֊ի պաշտոնական անձանց հետ կապեր հաստատելու համար։