Home / Հայաստան / Ինչու դատապարտյալների՝ վաղաժամ ազատվելու մասին հայցերը չեն քննվում, հարցրել են ԱԺ֊ում

Ինչու դատապարտյալների՝ վաղաժամ ազատվելու մասին հայցերը չեն քննվում, հարցրել են ԱԺ֊ում

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում բարձրացրել է վաղաժամ պայմանական ազատման  համակարգի փաստացի չգործելու հարցը: Նա հիշեցրել է Սևանի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Անդրանիկ Բեգլարյանի գործը. ով դատապարտվել է գողության հոդվածով, վերադարձրել է փոխհատուցում,  կրել է պատժի մեկ երրորդը, սակայն նրա` վաղաժամ ազատվելու մասին դիմումը չի քննվում: 

«Հայաստանում կա 4000 կալանավոր, յուրաքանչյուրի համար տրամադրվում է 150.000 դրամ: Մենք պետք է փորձենք թեթևացնել մեր քրեակատարողականները»,- ասել է Փոստանջյանը: 

Պատասխանելով հարցին՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասել է, որ ինքը Բեգլարյանի գործին չի տիրապետում, բայց գիտի, որ Սևանի քրեակատարողական հիմնարկում կրկնահանցագործներ են պահվում:
 
Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, որ հավանաբար դատապարտյալի վարքի հետ խնդիրներ կան, և դա է պատճառը, որ նրա հայցը չի քննվում Սևանի քրեակարատողականում: Ըստ նախարարի՝ վաղաժամ ազատ արձակման պրակտիկան չպետք է դիտարկել քրեակարատողականները թեթևացնելու տեսակետից: 

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում պատիժ կրող մարդկանց ծնողները բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ իրենց որդիների նկատմամբ գործի պայմանական վաղաժամկետ ազատման օրենքը:

Դատապարտյալների ծնողների խոսքով՝ իրենց որդիների ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրացել է, ու եթե ժամկետի լրանալուց վերջիններս լավ պահվածք են դրսևորում, կարող են դիմել համապատասխան հանձնաժողովին՝ բանտից ազատվելու խնդրանքով, սակայն դիմումների մեծ մասը մերժվել է: