Home / Հայաստան / Երվանդ Զախարյանը հրաժարվեց պատասխանել խաբված բնակարանատերերի մասին հարցին

Երվանդ Զախարյանը հրաժարվեց պատասխանել խաբված բնակարանատերերի մասին հարցին

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն այսօր ԱԺ-ում հրաժարվել է պատասխանել Հյուսիսային պողոտայի խաբված բնակիչների մասին հարցին: Զախարյանի` Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2003-2009) բնակիչների հետ պայմանագրեր են կնքվել, որոնց հետևանքով բնակիչներից շատերը ստացել են չնչին փոխհատուցում, իսկ ոմանք մնացել են անտուն:

«Այդ հարցի հետ ես առնչություն չունեմ: Դիմեք քաղաքապետարան: Եթե ունեք հարցեր էներգետիկայի ոլորոտից, հարցրեք: Ունե՞ք նման հարցեր, աղջիկ ջան»,- պատասխանել է Երվանդ Զախարյանը:

Հիշեցնենք, որ ներկայիս Հյուսիսային պողոտայի տեղում նախկինում տներ ունեցող երևանցիները տարիներ շարունակ պայքարում են իրենց իրավունքների համար` բողոքի ակցիաներ կազմակերպելով Կառավարության շենքի և Նախագահական նստավայրի դիմաց։

Բողոքի ակցիայի մասնակիցները Epress.am֊ին հայտնել էին, որ արդար փոխատուցում ստանալու 9 տարվա պայքարը արդյունք է տվել 8 բնակարանատերերի համար, սակայն քաղաքապետարանը դադարեցրել է մնացածին փոխհատուցում տրամադրելու գործընթացը:

«Մեր հարևաններին, ովքեր իրենց բարեկամ-ծանոթներն էին, շատ փող են տվել, չհասկացանք՝ ինչ սկզբունքով: Մեզնից նույնիսկ 10% եկամտահարկ են պահել: Երվանդ Զախարյանն էլ առանց ամաչելու հեռուստատեսությամբ հայտարարեց, որ 1000 դոլար է մեզ տվել: Զախարյանը կարող է ասել, որ արդեն ինքը չի քաղաքապետը, բայց գողին էլ նախկին գողության համար դատում են, չէ՞: Քոչարյանն էլ նախագահը չի հիմա, բայց մեր գումարներով Հունաստանում կղզիներ է առել»,- ասել էր բողոքողներից Լիդա Աբգարյանը: