«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանի բողոքի հիման վրա ԱԱԾ֊ի դեմ քրեական գործի հարուցումը մերժելը դատախազությունը չի հիմնավորել: Այսօր Կենտրոն և Նորք֊Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նման տեսակետ են հայտնել Հրայր Մանուկյանին և «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող փաստաբանները:
Դատախազությունը դատական նիստին չէր ներկայացել, միայն իր դիրքորոշման գրավոր հիմնավորում էր ուղարկել: Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ֊ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ։ Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, որ ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում է Մանուկյանին։ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է ԱԱԾ֊ի դեմ քրեական գործ հարուցել, և այժմ կուսակցությունն ու Մանուկյանը պահանջում են բեկանել դատախազության որոշումը։
«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ դատախազության փաստարկը, թե «Ժառանգություն» կուսակցությունը իրավունք չուներ բողոքարկելու իր անդամ Մանուկյանի գործով որոշումը, անհիմն է, քանի որ քրեական դատավարական օրենքսգրքի 290֊րդ հոդվածի համաձայն, այլ անձինք ևս կարող են հանցագործության մասին հաղորդում տալ:
Բաղդասարյանն ասել է նաև, որ դատախազությունը իրավունք չուներ համարել, որ Հրայր Մանուկյանի կատարած ձայնագրության սկավառակը չի կարող իրեղեն ապացույց դիտվել: Ըստ Բաղդասարյանի՝ դատախազությունը նախ պետք է քրեական գործ հարուցեր, հետո հիմնավորեր իրեղեն ապացույցների շրջանակը:
ԱԱԾ աշխատակիցը, ըստ փաստաբանի, մի շարք խախտումներ է թույլ տվել․ մասնավորապես, Հրայր Մանուկյանին սպառնացել է՝ ասելով, թե լրագրողը պետք է իր ընտանիքի մասին մտածի:
Ավելին, Բաղդասարյանի կարծիքով՝ գործում կան թրաֆիքինգի տարրեր, քանի որ Հրայր Մանուկյանին աշխատանք է առաջարկել մի մարդ, որի ՀՀ ԱԱԾ-ից լինելը լրագրողի համար փաստ չի եղել: