Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: Այս մասին Epress.am-ին հայտնել է զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը:
Նա տեղեկացրել է, որ հանդիպումը կայացել է իրենց՝ զոհերի հարազանտների նախաձեռնությամբ: Ծնողներն օմբուդսմենին խնդրել են ուշադրություն դարձնել իրենց որդիների գործի բացահայտման գործընթացին՝ նշելով, որ տարիներ շարունակ այդ գործընթացում որևէ փոփոխություն չկա:
«Նա բացատրեց, որ իրավական առումով ՄԻՊ-ն իրավունք չունի միջամտել դատական գործերին կամ նախաքննություններին: Սակայն խոստացել է, որ կարող է պաշտպանել մեզ հետագայում»,- ասել է Ազատուհի Քլոյանը:
Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն նշել են, որ իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չունեն:
«Մենք ասեցինք, որ ցանկանում էինք հանդիպել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին, այս անգամ դա հնարավոր չեղավ: Մենք միայն մարդու իրավունքների միջազգային պաշտպանների հետ ենք հույսեր կապում»,- ասել է տիկին Քլոյանը:
2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ Մարտի 1-ի դեպքերից հետո լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնք ապացուցում են, որ այդ օրն ընդդիմադիրների դեմ գործողություններում օգտագործվել են զինված ուժերը։