Նոյեմբերի 17֊ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկված Դավիթ Հարությունյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել, հայտնում է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը։ Խմբի անդամներն այսօր հանդիպել են Հարությունյանի հետ Արմավիրի Ձերբակալվածների պահելու վայրում։
Ձերբակալվածը պատմել է, որ հացադուլը և ջրադուլը հայտարարել է բաժին բերման ենթարկվելու րոպեից՝ նոյեմբերի 17֊ի ժամը 08.50-ից՝ որպես պատճառ նշելով, թե համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Հարությունյանը պահանջել է իրեն անհապաղ ազատ արձակել և պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին։ Վերջինիս անունը նա չի իմացել, սակայն վստահություն է հայտնել, որ առերեսման դեպքում կճանաչի ոստիկանին:
Հարությունյանը դիտորդներին նաև պատմել է, որ նոյեմբերի 17֊ին՝ ժամը 06.00-ից մինչև 06.30-ն ընկած ժամանակահատվածում, իր տուն են ներխուժել քաղաքացիական հագուստով 15-20 անձինք, որոնք չեն ներկայացել, թե ոստիկան են, ու իրեն բերման են ենթարկել:
Ձերբակալվածը նշել է, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի և համապատասխան հաստատությունում հաճախակի է բուժօգնություն ստանում:
Նշենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության կայքում հաղորդագրություն էր տեղադրվել, որում նշված էր, թե «նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով հայհոյանքներ: Դավիթ Հ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել»: