ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում գիտեն, որ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի այցը ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր արգելվել է։ Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ասել է Պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթքեն։
«Մենք գիտենք, որ արգելել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա մեկ անգամ ևս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարևորությունը։ Դրանից ավելին ասելու ոչինչ չունեմ», ֊ ասել է Ռաթքեն:
Ուղղաթիռը խոցվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին։ Խոցման պահի տեսանյութը տարածել են ադրբեջանական ԶԼՄ֊ների ներկայացուցիչները։ Խոցման հետևանքով զոհված երեք զինծառայողներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: Մինչ օրս հնարավոր չէ մոտենալ ուղղաթիռի ընկնելու վայրին, քանի որ, հայկական կողմի վկայությամբ, ադրբեջանցիները կրակի տակ են պահում նշված տեղամասը։