ՀՀ Կառավարության կողմից ԱԺ֊ում ներկայացված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ոչ մի հարցի չէր պատասխանում՝ ինչու է այդ օրենքը պետք, արդյոք պետք է ամեն քաղաքացու անհանգստացնել՝ նրա վերաբերյալ փաստերի հավաքագրում անելով: Օրինագծի մասին խոսելով՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Epress.am-ի հետ զրույցում ողջունել է ԱԺ-ում օրենքի քվեարկության տապալումը: Նախագծում նշվում է, որ օրենքի նպատակն է ապահովել անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի, մասնավորապես՝ անձնական տվյալները մշակելու ընթացքում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչը ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին կասկածելի է թվացել։
Այսօր ավելի վաղ Բիշարյանը հորդորել է ոչ իշխանական ուժերին չքվեարկել օրինագծի օգտին: 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը չի ընդունվել։ Նշենք, որ օրենքը կարող էր ընդունվել 66 կողմ ձայների դեպքում. իշխող ՀՀԿ խմբակցության մեջ 70 պատգամավոր է մտնում։
Բիշարյանի խոսքով՝ օրինագծում անվստահելի էր այն մեխանիզմը, որով կառավարությունը նախատեսում էր անձնական տվյալները հավաքել։ Այդ գործընթացը վերահսկելու է մեկը, ում լիազորելու են 5 ՀԿ-ներ, սակայն ընտրելու է ՀՀ վարչապետը:
Ոչ իշխանական ուժերի պատգամավորներին անհանգստացնում էր այն, որ այդ տվյալները կարող են տրվել օտար պետություններին: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ օրենքի անվանումը պետք է լիներ ոչ թե «Անձնական տվյալների պաշտպանության մասին», այլ «Անձնական տվյալները երրորդ անձանց, այլ երկրներին փոխանցելու մասին»: Նա նշել է, որ օրենքը պետք է ուսումնասիրի նաև ԱԱԾ-ն, քանի որ նման օրենքներով ինքնիշխանության հարցը կասկածի տակ է դրվում:
Ավելի վաղ օրինագծի քննադատությամբ էին հանդես եկել նաև տարբեր հասարակական կազմակերպություններ: Մասնավորաբար, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարել էր, որ առաջարկվող նախագիծը միասնական համակարգի տեսլական չունի՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որոնք անձի վերաբերյալ տվյալներն ամբողջությամբ հավաքում են մեկ կենտրոնում և անհրաժեշտության դեպքում պետական մարմիններն օգտվում են այդ կենտրոնից: Ըստ Հարությունյանի՝ միասնական համակարգի կարևորությունն այն է, որ անձը կկարողանա ավելի պատշաճ ու համակարգված վերահսկողություն իրականացնել, թե որ պետական մարմինն իր մասին ինչ տվյալ է մշակել կամ մշակում, ինչը տվյալ օրինագծում արտացոլված չէ: