Այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու, ինչը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրները:
Օբյեկտիվ պատճառների շարքում նախարարության մասնագետները դասում են, օրինակ, հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով իրականացված ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական տրամադրությունները Հայաստանից Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացի հետ կապված:
«Պոտենցիալ ներդրողներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում էլ զսպել են նաև այս տարվա կեսից ՌԴ-ի տնտեսությունում արձանագրվող միտումները, իսկ ՀՀ տնտեսությունը չափազանց սերտ է ինտեգրված այդ երկրի տնտեսությանը: Ըստ սպասումների՝ այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող է 25-30 տոկոսով ավելի ցածր լինել, քան անցած տարի։ Նկատենք, որ անցած տարի էլ ներդրումները, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել էին ավելի քան 20 տոկոսով և կազմել մոտ 600 մլն դոլար», ֊ նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։