Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը (պաշտոնավարել է 2010-ից 2014թթ․) մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Սյունիքի մարզի դատախազությունն արձագանքել է Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնցում նշված է եղել, թե տենդերներում հիմնականում շահում է քաղաքապետին պատկանող կազմակերպությունը, հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել:
Ինչպես նշում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը, նախաքննությունը պարզել է, որ Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով: Ոսկանյանը, շահույթ ստանալու նպատակով հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են նրա հարազատները: Հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքին պատճառվել է էական գույքային վնաս:
Լուսանկարը՝ syuniacyerkir.am