Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը (լուսանկարում) երկրի խորհրդարան է ներակայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ։
Օրինագծում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է հայերից պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայի հանրապետության անունից, հայտնում է stargazete.com կայքը։
Պատգամավորի ներկայացրած օրինագծի համաձայն` Թուրքիայի նախագահը նախ պետք է ներողություն խնդրի խորհրդարանի ամբիոնից, իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում ընթերցի ներողության պաշտոնական տեքստը։
«Այնուհետև առավելագույնը 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով ու բացվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր պետական արխիվները»,֊ նշված է օրինագծի մեջ։
Կայքը նշում է, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24֊ը հայտարարելով համազգային սգո օր։
Քրդական ծագումով թուրք պատգամավորն օրինագծում նաև հիշատակում է Դերսիմի (1937-38), Մարաշի (1978), Սիվասի (1993), Չուրումի (1980) կոտորածները՝ դրանք անվանելով «պետական ահաբեկչությունից բխող հանցագործություններ մարդկության դեմ»։