Քաղաքացի Սիրանույշ Չփլախյանը պնդում է, որ ՀՀ կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը վաշխառությամբ է զբաղվում և խաբեությամբ կորզում է պարտատուների անշարժ գույքը։ Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ Չփլախյանն իր քրոջ հետ բողոքի ակցիա է անցկացրել՝ խոստանալով ևս մեկ ակցիա անցկացնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմացի մայթին գտնվող տան մոտ այն դեպքում, եթե իր բողոքներին ընթացք չտրվի։ Epress.am֊ի հետ զրույցում կինը նշել է, որ վարչապետին ուղղված նամակները հասցեատիրոջը չեն հասնում, քանի որ Պլուզյանն աշխատում է դիմումների քննարկման վարչությունում։
Կնոջ ներկայացմամբ՝ Պլուզյանն իրեն 21 հազար ԱՄՆ դոլար է տոկոսով տվել և որպես երաշխիք պահանջել է երկու տների (իր և քրոջ) առքուվաճառքի պայմանագիր կնքել:
Բողոքող կինը Epress.am-ին ասել է, որ ինքը մայր գումարից ավելի շատ տոկոսներ է վճարել (պայմանավորվածության համաձայն՝ ամսական 5 տոկոս), բայց մայր գումարը փակել չի կարողացել: Ըստ մեր զրուցակցի՝ Պլուզյանը տները հետ վերադարձնելու համար 40.000 դոլար գումար է պահանջել, ինչին Չփլախյանը համաձայնել է: Սակայն այժմ Կառավարության աշխատակիցն այդ պահանջից էլ է հետ կանգնել․ նա համաձայն չէ, որպեսզի տներից մեկը վաճառվի և իր պարտքը տրվի, մյուս տունը՝ մնա ընտանիքին:
Չփլախյանի քույրը նշել է, որ ինքն առքուվաճառքի մասին պայմանագիր չի ստորագրել: Քույրերի մոր մահից հետո դատարանը ժամանակ չի տրամադրել ժառանգության հարցը լուծելու համար և միանգամից որոշում է ընդունել Պլուզյանի օգտին: Սիրանույշ Չփլախյանը նշում է, որ դատարանը կարող է ուղղորդված լինել, քանի որ Պլուզյանն իրեն ասել է, թե կապեր ունի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես, նախարարների հետ։
Բողոքող կինը ևս մեկ խախտման մասին է խոսել՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանն իրենց բողոքը սկզբում վարույթ է ընդունել, սակայն օրեր առաջ իրենց համար անսպասելիորեն հայտարարել է, որ գործը վարույթ չի ընդունում: Դա հնարավորություն է տալիս Պլուզյանին դիմել ԴԱՀԿ և քույրերին վտարել տներից։
Նշենք, որ, ՀՀ օրենսդրության համաձայն, վաշխառություն է համարվում պարտք տրված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը։ Վաշխառությունը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև 4 տարի ժամկետով։