Home / Հայաստան / Կանազի հոսպիտալի ծեծի գործով անցնողն ինքնասպանության փորձ է արել․ «Ժողովուրդ»

Կանազի հոսպիտալի ծեծի գործով անցնողն ինքնասպանության փորձ է արել․ «Ժողովուրդ»

«Նուբարաշեն» հոգեբուժարանում դեկտեմբերի 1-ի երեկոյան ինքնասպանության փորձ է կատարել Դավիթ Մարկոսյանը, ով որպես մեղադրյալ անցնում է Կանազի հոսպիտալի ծեծի գործով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի: Փորձաքննությունը պարզել է, որ Դավիթն առողջական խնդիր չունի: Ու երբ նրան ցանկացել են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ինքը հրաժարվել է՝ հայտարարելով, որ հիվանդ է և կվնասի իրեն, եթե նման բան անեն:

Թերթը նշում է, որ համազգեստավոր կարգավարները լուրջ չէին ընդունել նրա հնչեցրած սպառնալիքը, բայց Մարկոսյանը երկաները կտրելու փորձ էր արել, ապա ջարդուփշուր էր արել հիվանդասենյակի գույքը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները և հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ հետո էին միայն կարողացել մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին և հանդարտեցնել հոգեբուժարանում տիրող լարված իրավիճակը:

«Ժողովուրդ»֊ի փոխանցմամբ՝ Դավիթ Մարկոսյանն անցնում է մեկ այլ գործով ևս․ նրա խորթ մայրը բողոք է ներկայացրել ոստիկանությունում՝ պնդելով, որ Դավիթը կոտրել է իր ձեռքի մատները և տարել մատանիները, ինչպես նաև վզնոցը։

Ինչ վերաբերում է Կանազի հոսպիտալի գործին, ապա դատական նիստերին բժիշկները պնդում են, որ Մարկոսյանն ու նրա ընկերները ծեծել են իրենց, մինչդեռ մեղադրյալը հակառակն է ասում։